2016 թ. մարտի 16-ին, Վենետիկում` Ատանեո Վենետոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպա Նոստրա կազմակերպությունը և «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտըե (EIBI) հայտարարեցին, որ Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգվածե հուշարձանների ցանկում ընդգրկվել է Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը (Հայաստան):
Ինչպես տեղեկացնում է ՀՀ
մշակույթի նախարարությունը, Հայաստանը «Եվրոպա Նոստրա» կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է, որը հիմնադրվել է 1963 թվականին և ներկայում ունի 42 անդամ-երկիր: Կազմակերպության հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության միջոցով պահպանել և խթանել Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Այն իր գործունեությունը ծավալում է «7 առավել վտանգվածներ» ծրագրի և 5 մրցանակների միջոցով («Պահպանություն», «Հետազոտություն և թվայնացում», «Անհատների կամ կազմակերպությունների նվիրված աշխատանք», «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում», «Հանրության ընտրություն» անվանակարգեր):
«7 առավել վտանգվածների» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին «Եվրոպա Նոստրայի» կողմից՝ «Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի» և Եվրոպական խորհրդի զարգացման բանկի հետ համատեղ և կոչված է համակարգելու հուշարձանների պահպանումն ու դրանց հետագա օգտագործումը՝ բացահայտելով ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ: Ծրագրին, որպես Եվրոպա Նոստրայի «Ժառանգության ինտեգրում» ցանցային նախագծի մի մասի, աջակցում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:
«7 առավել վտանգված» հուշարձանների ցանկն ընտրվում է Եվրոպա Նոստրայի խորհրդի կողմից` 14 առավել վտանգված հուշարձանների ցանկից, որն իր հերթին ձևավորվում և ընտրվում է պատմաբանների, հնագետների,
ճարտարապետների, նախագծողների և ֆինանսական վերլուծաբանների կողմից:
«Եվրոպա Նոստրայի» մրցանակաբաշխությանը մինչ օրս Հայաստանից ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը (2013 թվականին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի հայտը (2014 և 2016 թվականներին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը հայտը (2016 թվականին ընդգրկվել է «7 առավել վտանգվածների» ցանկում): Հիշյալ ցանկի մեջ 2013 թ. ընդգրկվել էր նաև Թուրքիայի Մարդինի (Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը), Սբ Գևորգ հայկական եկեղեցին (5-րդ դար), որը մրցանակաբաշխության էր ներկայացվել Հայկական կաթոլիկ եկեղեցական համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
2013 թ. «Ժառանգության բնագավառում օրինակելի ներդրում ունենալու համար» «Եվրոպա Նոստրայի» պատվոգրով
պարգևատրվել
է «Հայկական
ճարտարապետությունն ուսումնասիրող
կազմակերպությունը (ՀՃՈւԿ-RAA):
2015 թվականին «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում «Եվրոպա Նոստրայի» մրցանակին է արժանացել ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների համագործակցությամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: 2015 թ. հոկտեմբերի 24-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացավ վերոնշյալ մրցանակների հանձնման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը, իսկ «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցին: 2015 թվականին «Հանրության ընտրություն» անվանակարգում 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը, համապատասխանաբար, կիսեցին Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոզիայի հայկական եկեղեցիները: