ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տվյալ պահին ոչ մի կերպ չի մեկնաբանի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո հայտարարել է նախարար Գաբրիել Ղազարյանը, մեկնաբանելով ՀՖՖ նախագահի հայտարարոթյունն այն մասին, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ Ալբանայի ընտրանու հաղթանակը հնարավոր դարձավ որոշ ֆուտբոլիստների «դավաճանության» շնորհիվ:
Ըստ նախարարի, մրջադեպի քննարկումից առայժմ ոչ մի հստակ բան չի կարելի ասել, քանի որ Հայրապետյանը չի հստակեցրել իր մեղադրանքները: «Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը ոչ մի փաստ չի ներկայացրել»,-նշել է նախարարը, հավաստելով, որ առաջիկայում հարցի քննարկման արդյունքների մասին կտեղեկացվի:
Նշենք, որ նախօրեին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ Հայաստան - Ալբանիա խաղի ժամանակ «տեղի է ունեցել դավաճանություն»: «Ով էլ լիներ մեր հավաքականի մարզիչը, նույնիսկ աշխարհի ամենալավ մարզիչը, չէր կարող փրկել այդ խաղը: Կարծում եմ, որոշ ֆուտբոլիստների դավաճանության մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Իսկ մեզ մնում է գտնել և հրապարակել համապատասխան ապացույցները»,-հայտարարել է նա: Նա նաև նշել է նաև, որ հայ ֆուտբոլիստների վատ խաղալու պատճառը ոչ թե մարզչական թերացումներն են, այլ ֆուտբոլիստների խաղալ չցանկանալը: Հայրապետյանը չի պարզաբանել ֆուտբոլիստների նման պահվածքի պատճառները, նշել է Ռ.Հայրապետյանը: