Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում ներկայացրել է Հայաստանը` որպես
երրորդ կողմ, Ստրասբուրգում կայացած դատական նիստում հանդես է եկել
հայտարարությամբ, որում նախազգուշացրել է պատմությունը կուրորեն նենգափոխելուց և
Հայոց ցեղասպանության ուրացումից:
«Հայ ժողովուրդը հաղթահարել է ծանրագույն
փորձություններ: Մենք երբեք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին չենք խնդրել
խոսել այն տառապանքների մասին, որոնք բաժին են ընկել մեր ժողովրդին, և որոնց
ականատես են եղել մյուս ժողովուրդները և պետությունները: Սակայն մենք չէինք
սպասում, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ստիպված ենք լինելու
դատարանում պաշտպանել սեփական պատմությունը նենգափոխումից և ժխտումից: Հայ
ժողովուրդը չէր սպասում, որ դատարանը պատմությունը կեղծողներին հնարավորություն
կընձեռի բարենպաստ հող ստեղծել հետգագա նենգափոխման համար», - նշել է Կոստանյանը:
Նրա ասելով, Հայաստանի դերը որպես երրորդ կողմ այն է,
որպեսզի նախանշի այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է որոշում կայացվի այդ
դատական գործի շրջանակում, ինչպես նաև նշի ՄԻԵԴ ստորին պալատի դագավճռում
արձանագրված սխալները: «Մենք այստեղ ենք, որպեսզի բացառենք դատարանի կողմից
սխալների կրկնումը, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները», - նշել է
Հայաստանի ներկայացուցիչը:
Նախօրեին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացել են լսումներ «Փերինչեքն ընդդեմ
Շվեյցարիայի» գործի շրջանակում: Հիշեցնենք, որ 2007 թվականին Լոզանի դատարանը
Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնոր Դողու Փերինչեքին դատապարտել էր
Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, և վերջինը 2013
թվականի դեկտեմբերին բավարարել էր նրա հայցն ընդդեմ Շվեյցարիայի, նշելով, որ
Փերինչեքը կասկածի տակ չի դրել հայերի սպանության և տեղահանության փաստը, նա սոսկ
հերքել է այդ իրադարձությունների բնորոշումը որպես ցեղասպանություն: Շվեյցարիան իր
հերթին բողոքարկել էր ՄԻԵԴ որոշումը, ինչից հետո դատարանը որոշել էր վերանայել
ավելի վաղ Փերինչեքի օգտին կայացված որոշումը: Գործը հանձնվել է ՄԻԵԴ գերագույն
պալատի քննությանը: Որպե երրորդ կողմ հանդես է գալիս նաև Թուրքիան: Դատավճիռը
կայացվելու է 6-8 ամսվա ընթացքում: