Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջել է հետաքննել հանրապետական Սամվել Ալեքսանյանի բազմամիլիարդ մաքսանենգ գործունեության մասին՝ օդում կախված լուրերը:
Նրա խոսքով, արդեն երկար տարիներ օդում կախված են մնում չստուգված տվյալներ այն մասին, որ Սամվել Ալեքսանյանը շաքարի հումքի անվան տակ Հայաստան է ներմուծում պատրաստի արտադրանք՝ խուսափելով բազմամիլիարդ հարկերի վճարումից: ՙՕդում կախված լուրերի համաձայն, այդ հանցավոր գործունեությունը քողարկելու համար Ալեքսամյանը շաքարի գործարան է կառուցել Ախուրյանում: Նույն լուրերի համաձայն, այդ հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ ու թույլտվությամբ, քանի որ վերջինս իր փայաբաժինն ունի, ինչպես նաև օգտագործում է այդ միջոցները ընտրությունները կեղծելու և այլ հանցագործություններ թաքցնելու համար՚,- հայտարարել է Փաշինյանը: Ըստ որում, նա հարցրել է վարչապետին, թե որքան ժամանակ է հարկավոր նրան՝ ստուգելու օդում կախված լուրերը: «Արդյո՞ք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել «Լֆիկ Սամոե կնիքը՚,- հեգնանքով հարցրել է նա:
Դրան արձագանքել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը հանդես է գալիս նման ձևաչափով: ՙԻնձ հասկանալի է ձեր նպատակը: Դուք ուզում եք այդ կերպ հերքել օդում կախված լուրերը, որ
դուք իշխանության հետ շաղկապված, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք: Եթե դա է նպատակը, կարիք չկա: Մենք համոզված ենք, որ դուք իշխանության հետ շաղկապված չեք՚,- նշել է նա:
Փաշինյանն իր հերթին հարցադրում Է արել. «Արդյոք Սերժ Սարգսյանը ձեզ համոզել է, որ ինքը կոռուպցիայի ու կաշառակերության հետ կապ չունի: Դուք ուզում եք հակառա՞կն ապացուցել: Ձուք և ձեր կառավարությանը չի հաջողվի անել դա, քանի որ ձեր գործունեությունը և ողջ կյանքը հակառակն է ապացուցում: Եթե ուզում եք, որ ես դադարեմ տարբեր պաշտոնյաների, նախարարների և պատգամավորների կոռումպացվածության հարցը բարձրացնել, դա ձեզ չի հաջողվի՚,-ընդգծել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը կոչ էր արել հետաքննել ՀՀ նախագահի և նրա ընտանիքի ՙհանցագործությունների՚ վերաբերյալ՝ օդում կախված լուրերը: Մասնավորապես, նա հայտարարել էր, որ արդեն երկար տարիներ օդում կախված են մնում չստուգված տվյալներ այն մասին, որ Սարգսյանի ընտանիքի անդամները միլիարդավոր դրամի հարկեր չեն վճարում պետբյուջե: Նա կոչ էր արել կառավարությանը ստուգել նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հարկեր չվճարելու, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կաշառակերության մասին չստուգված տվյալները: