Ամերիաբանկը
հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի
ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: 2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր
մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից,
մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7
տարածաշրջանի 84 երկրի լավագույն
բանկերին, որոնց ընտրության համար հաշվի
են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների
ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը:
Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ
համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի
հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված
սահմանաչափ: 2014թ.-ին վճարային գործիքներով սպասարկված
արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 88 մլն ԱՄՆ դոլար`
գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով:
«Ամերիաբանկ»
ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր
ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն
է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և
մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական
փաթեթ: