ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ապրիլի 9-ին կայացած հանդիպման լույսի ներքո՝ բացառված չէ, որ առաջին նախագահի ՙղարաբաղյան՚ որոշակի մշակումները պահանջարկված լինեն նաև նոր պայմաններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
ՙԸստ որում, պետք է ընդգծել, որ այդ պայմանները ճշգրտվում և ձևավորվում են ոչ միայն Երևանում, այլ նաև՝ դրա սահմաններից դուրս: Այս առումով դեռ բոլորովին վերջերս առաջին և գործող նախագահների միջև բանակցությունների հնարավորության ակնարկն անգամ որպես սենսացիա էր ընկալվում: Սակայն, Հայաստանում ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ արտաքին մարտահրավերները և ազգային շահերի պաշտպանությունը նպաստում են իշխանությունների և ընդդիմության միջև ներքին քաղաքականությունում առնվազն մարտավարական և միջազգային օրակարգում ռազմավարական սահմանագծերի վերացմանը՚,- նշել է նա:
Մարկեդոնովը գտնում է, որ երկու հայ քաղաքական գործիչների հարաբերություններում իրավիաճակը փոխեց Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության ապրիլյան սրացումը՝ ավելի քան երբևէ պահանջարկված դարձնելով ազգային համախմբումը:
Ըստ վերլուծաբանի, հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո Երևանի համար ոչ պակաս կարևոր խնդիր է բանակցային դաշտում իր շահերի առաջմղումը, որտեղ իրավիճակն ամենևին հեշտ չէ:
ՙԲլիցկրիգը չստացվեց, սակայն ադրբեջանական բանակը չջարդվեց ղարաբաղյան բանակին բախվելիս: Դրան ավելացնենք Մոսկվայի զգուշավոր, հավասարակշռված դիրքորոշումը, Արևմուտքի նույնքան կոկիկ դիրքորոշումը և Բաքվի հետ Անկարայի լիակատար համերաշխությունը: Այս պայմաններում ներհայկական մտավոր ռեսուրսների միավորումը չափազանց կարևոր է, և թերագնահատել այդ գործընթացը հնարավոր չէ՚,- ամփոփել է վերլուծաբանը: