Մերձավոր Արևելքում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը, նրանք ենթարկվում են ոչ միայն զանգվածային ոչնչացման, այլ նաև բռնի տեղահանման: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԵզդիների ազգային կոմիտե՚ ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:
Նա ընդգծել է, որ օրերս Թուրքիան փորձել է արտաքսել իր տարածքից եզդի փախստականներին: ՙԵվ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ՚,- նշել է Սուլթանյանը`ավելացնելով, որ մարդու ինչ իրավունքների մասին են խոսում ՙժողովրդավարական երկրները՚, երբ 4 հազար եզդի կին և երեխա Իսլամական պետության գերության մեջ է գտնվում` ամենօրյա բռնության ենթարկվելով:
Նա ընդգծել է, որ Հայաստանի եզդիական համայնքը բազմիցս այդ հարցով դիմել է միջազգային հանրությանը, փորձել Հայաստանի կառավարության միջոցով միջազգային կառույցներում բարձրացնել Մերձավոր Արևելքում եզդիների ոչնչացման հարցը, բայց ապարդյուն:
Անդրադառնալով Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին`եզդիական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանց անհրաժեշտությունը չեն տեսնում, ինչպես և հանրապետության քաղաքացիների մեծ մասը: ՙԻհարկե, բարեփոխումներ նախագծում դրույթ կա խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին մանդատ տրամադրելու մասին, բայց ցանկության դեպքում մենք առանց դրա էլ կարող ենք ներկայացուցիչ ունենալ Ազգային ժողովում`որպես ՀՀ իրավահավասար քաղաքացիները: Դրա համար սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ, դրանից բացի, կան նաև շատ այլ դրույթներ, որոնց նպատակահարմարությունը կասկած է հարուցում՚,- ասել է Սուլթանյանը: