: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բամբասանք է անվանել շրջանառվող լուրերը, թե ՊՊԾ գնդի շենքում իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարական տալ:
ՙՄենք աշխատում ենք գտնել այնպիսի լուծում, որը կարտահայտի բոլորի կարծիքը: Ինչ վերաբերում է կառավարության այս կան այն անդամի հեռացման վերաբերյալ խոսակցություններին, կարող եմ ասել, որ նման զարգացում չի կարող լինել: Եթե մենք այս հարցը ճիշտ չլուծենք, դա կշրջվի պետության դեմ՚,- նշել է Սահակյանը, հայտնում է Ազատությունը:
Այն դիտարկմանը, թե ինչ է ենթադրում ճիշտ լուծումը, ԱԺ նախագահը նշել է, որ ամեն մարդ իր տեսակետն ունի, բայց անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն, որ իրենց գործողությունները մեծ հույսեր և տրամադրություններ չեն առաջացնում քաղաքացիների շրջանում, նրանք պետք է հանձնվեն իշխանություններին:
ՙԿարծում եմ, որ դատական կարգով կորոշենք, որպեսզի ամեն բան պարզ, դրական, մատչելի լինի թե հասարակության, թե իրենց համար՚,- նշել է Սահակյանը:
Նա նաև համոզված է, որ նման գործողությունները, վերջիվերջո, փոխզիջումների ճանապարհով են գնում: ՙՈրպես իշխանության ներկայացուցիչ՝ կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ մենք զիջումների ենք գնացել: Սակայն, առայժմ նրանց կողմից չկա զիջումների գնալու ցանկություն, իսկ մենք պատրաստ ենք դրան գնալ օրենքի շրջանակներում: Անել այնպես, որ փոխզիջումները և օրենքը համընկնեն՚,- նշել է ԱԺ նախագահը: