Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը նպատակաուղղված է տնտեսության զարգացման ապահովմանը, այլ ոչ թե այդ զարգացման զսպմանը, քանի որ երկրորդ պլան է մղված ներդրումային քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, մեկնաբանելով 2016 թվականի բյուջեի նախագիծը:
Սաֆարյանի փոխանցմամբ, 2016 թվականի բյուջեի նախագծով առաջնահերթությունը տրված է սպառողական հոդվածներին, իսկ ներդրումային դրույթները գտնվում են երկրորդ պլանում: «Դրանով փորձ է արված դիմակայել համաշխարհային հերթական ճգնաժամին»,-նշել է փորձագետը: Նա նշել է, որ 2016 թվականի բյուջեի նախագծում բավականին մեծ է պետական դեֆիզիտի տեսակարար կշիռը` 190 մլրդ.դրամ, որից 120 մլրդ.դրամը պետք է ձևավորվի վարկերի հաշվին: «Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է նոր վարկեր վերցնել: Հետևաբար, 2016 թվականի բյուջեն նպատակաուղղված է տնտեսության զարգացման ապահովմանը, այլ ոչ թե այդ զարգացման զսպմանը»,-նշել է Սաֆարյանը: Նրա կարծիքով, այդ պարագայում Հայաստանը կարող է մոտենալ վտանգավոր սահմանագծին, երբ արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի ավելի քան 50%-ից, և երկիրը կարող է ճանաչվել անվարկունակ:
Սաֆարյանը նշել է նաև, որ բյուջեն ունի գերսոցիալական ուղղվածություն: «Հաջորդ տարի սոցիալական ծախսերին մենք կուղղենք 68 մլն.դրամով ավելի, քան այս տարի, որպեսզի հնարավորություն լինի կատարել սոցիալական պարտավորությունները, կապված, մասմավորապես, կենսաթոշակների և աշխատավարձերի վճարումների հետ»,- նշել է փորձագետը: Սակայն, ըստ նրա, ներդրումային տեսանկյունից 2016 թվականի բյուջեի հնարավորությունները սահմանափակ են:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի1-ի նիստում հավանություն է տվել երկրի 2016 թվականի պետական բյուջեի նախագծին: Ներկայացնելով բյուջեի նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որՀՆԱ-ի իրական աճը 2016-ին նախատեսվում է 2.2%: Ըստ նախագծի, ՀՆԱ-ի դեֆլյատոր-ցուցանիշը նախատեսվում է 4%, 12-ամսյագ նաճը`4% (±1.5%), իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Ըստ նախարարի, բյուջեի ծախսային մասը կկազի 1 տրլն.373,7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը`1 տրլն.183 մլրդ.դրամ, դեֆիցիտը`197 մլրդ դրամ: 2016 թվականին պետականբյուջեի եկամուտների 95.4% -ը կկազմեն հարկերը և տուրքերը, իսկ պաշտոնական դրամաշնորհներն ու եկամուտները համապատասխանաբար կկազմեն` 2,6% և 2%: Ֆինանսների նախարարը նշել է, որ հարկերը և տուրքերը նախատեսվում են 1 տրլն. 129 մլրդ դրամ, Եվրոպական հարևանության ծրագրի գծով դրամաշնորհները նախատեսվում են 24 մլն եվրո կամ 13 մլրդ դրամ, իսկ նպատակային ծրագրերի գծով դրամաշնորհային միջոցները կկազմեն 35,6 մլն դոլար կամ17.2 մլրդ դրամ: Եկամուտների գծով մնացած մուտքերը 2016 թվականին նախատեսված են 23.8 մլրդ դրամ: Ըստ Խաչատրյանի, ծախսերի 96%-ը կամ 1 տրլն. 244,4 մլրդ.դրամը կկազմեն ընթացիկ ծախսերը, 9.4%-ը կամ 129,3 մլրդ դրամը`ոչ ֆինանսական ակտիվների ծախսերը: Նա նշել է, 2016-ի պետական բյուջեի ծախսային մասը 68.1 մլրդ դրամով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Մասնավորապես, ծախսերի 47.3% -ը կուղղվի սոցիալ-մշակութային ոլորտին - կրթությանը, առողջապահությանը, սոցիալական պաշտպանվածությանը, մշակույթին, սպորտին, տեղեկատվությանը: Պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանմանը և ազգային անվտանգության և բանտերում բռնադատվածների պահմանը կհատկացվի ծախսային միջոցների 20,8%-ը, 10.6%-ը կուղղվի տնտեսությանը, 7.2%-ը` պարտքի սպասարկմանը, 3.5%-ը`համայնքային բյուջեների դոտացիաներին, 6.7% - ը` պետականմարմինների ծախսերին, 1% -ը` գիտությանը, իսկ 0.6% -ը`կառավարության պահուստային ֆոնդին: Բյուջեի դեֆիցիտի Ֆինանսավորման աղբյուրները, 197 մլրդ.դրամի շրջանակներում կամ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով, նախատեսվում է ներքին և արտաքին աղբյուրներից, համապատասխանաբար` 70,1 մլրդ.դրամ և 120, 6 մլրդ դրամ: Նախարարը նշել է, բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքում նախատեսվում են նաև արտաքին պարտքի մարման միջոցները և ԼՂՀ բյուջեի դեֆիցիտը, որոնք համապատասխանաբար կազմում են` 36 մլրդ դրամ և 47.3 մլրդդրամ:
Նշենք նաև, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի առաջին վեց ամիսներին կազմել է 553,8 մլրդ դրամ (աճը` 0,4%), ծախսերը կազմել են 605,9 մլրդ.դրամ (աճը`16%): Բյուջեի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52 մլրդ դրամ: