Հուլիսի 7-ին՝ ժամը 18:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին:
Ասուլիսի բանախոսներն են Զարգացման միջազգային կորպորացիայի (МКР) գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Դեմենսկին, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների Ընկերակցության գլխավոր տնօրեն Անդրեյ Շերբակը, ՄԿՌ մեդիա Արմենիա ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բանախոսները կանդրադառնան Չայկովսկու անվան միջազգային պատանեկան մրցույթին և հայ պատանիների մասնակցությանը մշակութային այդ իրադարձությանը:
Ասուլիսի ավարտից հետո՝ ժամը 19:30, նույն համերգասրահում տեղի կունենա Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը: Երեկոյի ընթացքում հանդես կգան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Դիանա Ադամյանը /ջութակ/, ինչպես նաև մենակատար Հայկ Կազազյանը /ջութակ/ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Մրցույթի կազմակերպիչներ՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցություն, Զարգազման միջպետական կորպորացիա։
Համերգի կազմակերպիչ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ։
Գլխավոր հովանավոր՝ ՄԿՌ Մեդիա Արմենիա: