Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկի տրամադրումը և Վալերի Պերմյակովի գործի հանձնումը Հայաստանի արդարադատությանը հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով մայդանից և հակառուսական տրամադրությունների սրումից խուսափելու փորձ է, քանի որ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի 100% դուստրն է: Այդ մասին ասվում է ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզավերլուծական ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:
«Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները ռազմավարական առումով պակաս նշանակալի են, սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե ցուցարարները կարողանան պահպանել շարժումը կամ էլ տեղի ունենան բախումներ ոստիկանության հետ, ինչպես եղավ հունիսի 23-ի առավոտյան, երբ ոստիկանները ջրցաններով ցրեցին խաղաղ ցուցարարներին: Սակայն մարտավարության ամեն մի փոփոխություն կարող է հանգեցնել իրավիճակի սրման», - նշվում է Stratfor-ի հոդվածում:
Նաև նշվում է, որ Եվրամայդանից հետո Ռուսաստանն ավելի զգայուն է դարձել հետխորհրդային հանրապետություններում իրավիճակի ցանկացած սրման հանդեպ, և, ըստ երևույթին, այդ պատճառով Հայաստանին հատկացվեց 200 մլն դոլարի վարկ` պաշտպանական ոլորտի համար:
Stratfor-ը նշում է, թե ստեղծվում է նաև տպավորություն, որ Մոսկվայի անհանգստության ֆոնին Հայաստանի կառավարությունը պատրաստ է սպասել կամ զիջումների գնալ էլեկտրաէներգիայի թանկացման հարցում` իրավիճակի ապակայունացումից խուսափելու նպատակով:
Հոդվածում նաև նշվում է, որ բողոքի ակցիաները Հայաստանում հաճախակի երևույթ են և մինչ օրս լուրջ վտանգ չեն ներկայացրել երկրի կառավարության համար:
«Չնայած ուկրաինական մայդանի և Հայաստանում առկա իրավիճակի միջև հավասարության նշան դնելու փորձերին` հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները Ռուսաստանի շահերին չեն սպառնում: Հայաստանն ամենահանդուրժողական հետխորհրդային երկիրն է բողոքի ակցիաներ անցկացնելու հարցում: Չնայած այն հանգամանքին, որ փողոց է դուրս գալիս մի քանի հազար մարդ, նրանք երկրի իշխանությունների համար լուրջ վտանգ չեն կրում», - եզրակացնում է Stratfor—ը: