«Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնեական երկիր խոսում է մեր ժողովրդի հանդեպ կաթոլիկ աշխարհի վերաբերմունքի մասին ու նաև մեր հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելու մասին», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռադիո Վատիկանին» հարցազրույցում:
Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ 15 տարի առաջ Նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին էր նվիրված:
«Ֆրանցիսկոս պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ նվիրական տարեդարձ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձ: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները մշտապես նշանավորվել են բարձր քաղաքական երկխոսությամբ, որովհետև այդ հարաբերությունները հիմնված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական ժառանգության և արդի աշխարհում առկա դժվար լուծելի խնդիրների նկատմամբ սկզբունքային, գրեթե նույնական մոտեցումներով», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ վերջին տարիներին այդ հարաբերությունները նոր որակ են ստացել: «Իհարկե, դրան նպաստել է այն հանգամանքը, որ 2013 թվականին Սուրբ աթոռում հիմնվեց Հայաստանի դեսպանությունը, անշուշտ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագը, ինչպես նաև, որ չափազանց կարևոր եմ համարում, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակներից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչման շնորհումը: Գիտեք միգուցե, ես իմ կարծիքն եմ անշուշտ հայտնում, կարծում եմ որ աշխարհում չկա այնպիսի մի ատյան, որ կարողանար հաստատել հայ ժողովրդի վաստակը քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործում և Գրիգոր Նարեկացուն շնորհելով այդ կոչումը կաթոլիկ աշխարհը ընդգծեց հենց հայ ժողովրդի մասնակցությունը այդ արժեհամակարգի ձևավորմանը: Իհարկե Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ քրիստոնեաների հանդեպ այդպիսի բռնություններ են տեղի ունենում, երբ ոչնչացվում է պամամշակութային ժառանգությունը, Սրբազան պապի այցը առաջին քրիստոնեական երկիր առանձնահատուկ նշանակություն է ստանում: Եվ վերջապես մեր երկիրը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, մեր ժողովուրդը ապրում է շատ բարդ միջավայրում, որտեղ առկա են բազմատիվ հակամարտություններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, բարդ հարաբերություններ, Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանը, միջկրոնական համերաշխությանն ուղղված պատգամները և ուղերձները շատ հզոր ազդակ են այս խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և ժողովուրդների համակեցությունը, խաղաղ գոյակցությունը ապահովելու մասին: Սա չափազանց կարևոր հանգամանք է», - եզրափակել է Հայաստանի նախագահը: