Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հետ համագործակցության շարունակմամբ: Փետրվարի 9-ին Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ օրերս հրապարակած եզրակացությունը:
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հանրաքվեների դիտարկմամբ չի զբաղվում, քանի որ կազմակերպության անդամ պետությունները կառույցին նման լիազորությամբ չեն օժտել:
«Չնայած դրան` Հայաստանը ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ին հրավիրել էր հետևելու սահմանադրական հանրաքվեին` հետապնդելով մեկ նպատակ. որպեսզի ընտրական գործընթացը լիներ առավելագույնս թափանցիկ», - նշել է նա:
Նալբանդյանը նշել է, որ ԺԻՄԻԳ ազատ էր հանրաքվեին մասնակցության ձևաչափի առումով և որոշեց ուղարկել 4 փորձագետի` կարճատև առաքելությամբ: «Ի լրումն ԿԸՀ նախագահի և մյուս պաշտոնական անձանց մեկնաբանությունների` ասեմ, որ մեզ ուղղված նամակում կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և ակնկալում է, որ զեկույցում նշված առաջարկությունները կհստակեցվեն, կշարունակվի ընտրական համակարգի բարելավմանն ուղված համագործակցությունը: Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հետ համագործակցության շարունակմամբ», - ամփոփել է արտգործնախարարը:
Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԺԻՄԻԳ եզրակացությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեի կազմակերպումը արտացոլում է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հանձնարարականների կատարման բացակայությունը, որոնք ներկայացվել էին նախորդ երեք տարվա ընթացքում և առնչվում էին Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության բարձրացմանը, այդ թվում` ընտրացուցակների հստակեցմանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման կանխարգելմանը, բողոքների ուսումնասիրման և ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»: Ընդ որում փորձագետները նշում են, որ չնայած ընտրացուցակներում հստակություն մտցնելու Հայաստանի ոստիկանության փորձերին, շահագրգիռ կողմերն, այնուամենայնիվ, հրապարակել են ընտրացուցակներում անճշտությունների, այդ թվում` ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության, մեկ հասցեում բազմաթիվ մարդկանց գրանցման վերաբերյալ հաղորդագրություններ: «Հատկապես մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմել այն մարդկանց անունները, ովքեր արդեն երկար տարիներ բնակվում են արտասահմանում և քվեարկության իրավուքն ունեն միայն հանրաքվեին ֆիզիկական ներկայության դեպքում», - նշել են ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ փորձագետները: Եզրակացությունում նաև նշվում է, որ պետական պաշտոնյաների կողմից մոբիլիզացվել են մեծ ռեսուրսներ վարչական լծակներն օգտագործելու համար: Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանի լրատվական դաշտը համարվում է քաղաքականացված: «Մտահոգություն է հարուցում նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների անվտանգության հարցը», - նշում են փորձագետները: Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ ներկայացուցիչները հետևել են ձայների հաշվարկին, արձանագրվել են լուրջ խախտումներ. բարեփոխումների կողմնակից վստահված անձանց միջամտություն ընտրական գործընթացին, խոչընդոտների հարուցում և ահաբեկում, որոնք, գործնականում, հանգեցնում են քվեարկության արդյունքների փոփոխության: Ավելին, ընդդիմադիր ուժերի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաղորդել են հանրաքվեի ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում` կաշառք բաժանելու, քաղաքացիներին ահաբեկելու, ձայների հաշվարկի ընթացքում կեղծարարության մասին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 2 566 998 քաղաքացիների 50.74%-ը: Բարեփոխումների օգտին քվեարկել է մասնակիցների 63,37%-ը, դեմ` 32,36%-ը: Մինչդեռ ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի արդյունքները համարում է կեղծված: