Թե’ սահմանադրական բարեփոխումների, թե’ բարեփոխումների նախագծի շուրջ նախագահի հետ խորհրդակցություններին ՙժառանգականների՚ հնարավոր մասնակցության առնչությամբ ՙժառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը համահունչ է ողջ կուսակցության դիրքորոշմանը:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե նախագահի հետ խորհրդակցություններին մասնակցության շուրջ Սկայպով քննարկումներից հետո կուսակցության անդամների մեծ մասն այդպես էլ չի հասկեցել, թե ինչ է ցանկացել ասել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես հայտարարել է Մարտիրոսյանը, նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին մասնակցության գլխավոր խոչընդոտը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթն է մնում:
Հիշյալ կետը ՙԺառանգությունն՚ ՙամենավտանգավորն է՚ համարում Սահմանադրության նախագծում, նշել է Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ խոսքը 204-րդ հոդվածի մասին է. այն ի սկզբանե վերաբերում էր միայն վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությանը, սակայն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոդվածը խմբագրել և նախագծի վերջնական տարբերակում ամրագրել է`ՙՀայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով՚: Ավելի վաղ հայտնվել էր, որ ՙԺառանգություն՚ կուսակցությունը չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին: Կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել մերժել նախագահի հրավերը, քանի որ նոր Սահմանադրության նախագիծն անընդունելի է իրենց համար: Մասնավորապես`այն կետերը, որոնք վերաբերում են երկփուլ խորհրդարանական ընտրություններին, ինտեգրացիոն կառույցներին միացմանը: Կուսակցության մերժման պատճառ է հանդիսացել նաև այն փաստը, որ նախագծում արտացոլված չեն բարեփոխումների վերաբերյալ ՙԺառանգության՚ առաջարկները: Ըստ որում, Մարտիրոսյանը չի բացառել սահմանադրական բարեփոխումների անցկացման դեմ ՙՉեք անցկացնի՚ շարժման հետ համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը խորհրդարան է ուղարկել բարեփոխումների նախագիծը: Նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՙՕրինաց երկրի՚, ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, ՙԱզատ դեմոկրատների՚, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների հետ: Հրավերը մերժել են Հայ ազգային կոնգրեսը և ՙԺառանգությունը՚: