Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուր քննադատության է ենթարկել հայ և ադրբեջանցի լրագրողներին:
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի մի շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի, բայց ոմանց) դիրքորոշումը: Դուք ուզում եք հաղթահարել հակամարտությունը, թե՟ այն խորացնել` հնարելով նորություններ ըստ ձեր ճաշակի: Վտանգավոր զբաղմունք է: Նախ, որոշ լրագրողներ ճեպազրույցի ժամանակ հարց տվեցին Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների մասին` այնպես, որ դա ավելի շատ նման էր ոչ թե հարցի, այլ` քաղաքական մանիֆեստի: Ստիպված էինք ընդհատել այդ մենախոսությունը: Հետո մյուս լրագրողները սկսեցին պատասխանից մոդելավորել սենսացիա, թե` իբր Մոսկվան ցանկանում է ԼՂ կարգավորման գործում ներգրավել Անկարային: Ամոթ չէ՟: Այնպիսի մի պահի, երբ, իրոք, կա առաջընթացի հասնելու հնարավորություն: Իսկ ինչու՟ եք դուք դա անում: Միթե՟ այսքան տարիները և այսքան զոհերը փաստարկ չեն պատասխանատու մոտեցման համար: Դեռ որքա՟ն է շարունակվելու «հարկավոր բառերից սեփական օգտին» փազլներ հավաքելու այս տեղեկատվական վաքխանալիան», - գրել է «Ֆեյսբուքի» իր էջում Զախարովան:
Եվ այդ համատեքստում նա հավելել է, թե նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել կամ ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հնարելով նորություններ, մեկ անգամ ևս կրկնում է. «Կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք կոչված են զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Ընդ որում, ոչ ոք չի չեղարկել երկկողմ շփումները, որոնց շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել իր ներքին կամ արտաքին քաղաքականության հարցերը: Հարցն առնչվում է այն բանին, թե որքանով կառուցողական դեր է խաղում երկիրը, որը կարգավորման գործընթացի մաս չի հանդիսանում` փորձելով աջակցել կարգավորմանը: Մի մեծ խնդրանք. տեղի մի տվեք սադրնանքներին, այդ թվում` տեղեկատվական», - հայտարարել է նա:
Հավելենք, որ Զախարովան հուլիսի 21-ի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի ներգրավման հնարավորությանն առնչվող հարցը, նշել է, թե ցանկացած կառուցողական փոխգործակցություն կարելի է դիտարկել հենց կառուցողական փոխգործակցության տեսանկյւոնից. «Եթե պետությունը կամ դրա պաշտոնական ներկայացուցիչները «դրականին» ավելացնելու բան ունեն, ապա, ինձ թվում է, այստեղ որևէ խնդիր լինել չի կարող: Սակայն դա բացառապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կառուցողական ավանդին», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳն ներկայացուցիչը: