Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ է Հարավային Կովկասում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման համար: Այդ մասին հունիսի 19-ին Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ՙRose-Roth՚ 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եվրատլանտյան ինտեգրման և գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆան Էլգերսման: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կոնկրետ դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: ՙՆԱՏՕ-ն կշարունակի ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ գործընկերության վրա՚,- հայտարարել է նա:
ՙՀամաձայնություն՚ կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցությունը պետք է խորանա`ելնելով տարածաշրջանի անվտանգության նկատառումներից: Այս համատեքստում նա նշել է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին`մեծացնելով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը: Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման`ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ նոր ճանապարհ սկսել, ինչը ձեռնտու չէ ինչպես Հայաստանին, այնպես էլ ՆԱՏՕ-ին:
ՙԽախտելով սպառազինությունների հավասարակշռությունը, փոխելով ձևաչափը`Մոսկվան փորձում է հասնել ԼՂՀ-ում խաղապահների տեղակայմանը՚,- նշել է նա: Ըստ որում, փորձագետը գտնում է, որ ՆԱՏՕ-ն նույնպես պետք է ազդի Անկարայի վրա հայ-թուրքական սահմանի բացման հարցում, քանի որ դա ոչ միայն հայ-թուրքական սահման է, այլ նաև Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև սահման`այնքանով, որքանով Թուրքիան իրեն այդ կառույցի անդամ է համարում: