Ադրբեջանի անկախ քաղաքացիական հասարակության հեռացումն այդ երկրի ներքին գործերից սպառնալիք է պարունակում, ինչը վերադարձնում է մեզ դեպի Ղարաբաղյան հակամարտությունը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լոնդոնի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտին կից գործող Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լորենս Բրոերսը:
ՙԱդրբեջանում շատ քիչ անկախ հասարակական գործիչներ կան, ովքեր կարող են իրենց հայ գործընկերների հետ երկխոսության և շփման համար լեգիտիմ գործընկերներ համարվել: Փոխգործակցության լայն շրջանակը նեղացվել է մինչև պետական կառավարելի գործընթացի վիճակը՚,- նշել է նա:
Նրա կարծիքով, սեփական հասարակությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դաշնակիցներ և գործընկերներ գտնելու ադրբեջանական պետության ներուժը պատրանքային է:
ՙՎերջին տարում պետության և հասարակության միջև հարաբերությունների վատթարացումն Ադրբեջանում զգալի փոփոխությունների է բերել: Դա հանգեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հետագա բանակցությունների համար Բաքվի տեսակետի շրջանակներից դուրս գտնվող բանակցողների թվի կտրուկ նվազման՚,- նշել է նա:
ՙՂարաբաղյան հակամարտությունն արդարացնում է պետական բյուջեների ռազմականացումը և զարգացման բացակայությունը: Դա հեգնական է հնչում, քանի որ Ղարաբաղյան շարժումն ի սկզբանե ուղղված էր փոփոխություններին և բարեփոխումներին՚,- ամփոփել է վերլուծաբանը: