Ռուսաստանում արծաթի խոշորագույն արտադրող և ոսկի արդյունահանող առաջատար ձեռնարկություններից մեկը, Polymetal International plc ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի հարավում գտնվող Լիճքվազ երկրաբանահետախուզական նախագծի բաժնետոմսերի 25%-ը, 3.5 մլն.դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի հաշվին, միաժամանակ համաձայնեցնելով ակտիվներում իր մասնաբաժնի ավելացումը` մինչև 50%: Այս մասին նախօրեին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:
Սա Հայաստանում այդ ընկերության առաջին ակտիվն է, որի ռեսուրսները գնահատվում են 19 տոննա ոսկի, ասված է «Պոլիմետալի» հաղորդագրության մեջ: «Ուրախ եմ հայտնել Լիճքվազում բաժնեմաս ձեռք բերելու որոշման մասին, դա մեր առաջին ակտիվն է Հայաստանում։ Հուսով եմ, որ բարձր պարունակությամբ այդ նախագիծը կմեծանա հանքախուզության արդյունքում և օպտիմալ պլացդարմ կստեղծի նոր տարածաշրջանում մեր հետագա զարգացման համար»,– ասել է Polymetal–ի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը։ Polymetal-ը ձեռք է բերել 25% մասնաբաժինը ընկերության 3,5 մլն դոլարի 429 260 սեփական բաժնետոմսերով։ Ընկերությունն իր վրա պարտավորություն է վերցրել նաև ֆինանսավորել հետախուզական աշխատանքները հանքավայրում, տեխնոլոգիական հետազոտությունները և պահուստների վերաբերյալ հաշվետվության պատրաստումը` ըստ JORC-ի, իր մասնաբաժինը մինչև 50% ավելացնելու իրավունքով: Բաժնետոմսերի թողարկման և գործարքի վճարման արդյունքում «Պոլիմերի» բաժնետիրական կապիտալն այժմ կազմում է 423031984 բաժնետոմս: Սպասվում է, որ գործարքի մասնակցած նոր բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայի սակարկություններին կթույլատրվեն մասնակցել ապրիլի 20-ին:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտ գտնվող Լիճքվազ հանքավայրը Երևանից 380 կմ դեպի հարավ է։ Այդ տարածաշրջանն ունի զարգացած ենթակառուցվածք (հոսանք, ջուր, կացարան) և որակյալ աշխատուժի հասանելիություն։ Հանքավայրի պատմական գնահատականի համաձայն` առաջարկվող ռեսուրսները կազմում են 2,4 մլն տոննա հանքաքար 6.9 գ/տ պարունակությամբ, ինչը համապատասխանում է մոտ ոսկու 0.6 մլն ունցիայի, որը համարժեք է 18.7 տոննային:
Ջերսի կղզում գրանցված Polymetal International plc ընկերությունը հանքերի արդյունահանում և հետախուզոիմ է իրականացնում Ռուսատանի 4 մարզերում` Մագադանում, Սվերդլովսկում, Խաբարովսկում և Չուկոտկայում, ինչպես նաև Ղազախստանում: Ալեքսանդր Նեսիսի «ԻՍՏ» խումբը հանդիսանում է ընկերության վերջնական շահառուն, 19.8% բաժնետիրական կապիտալով: Ընկերության կապիտալի 18.5%-ը պատկանում է չեխական PPF Group NV ընկերությանը, մոտ 10.1%-ը` Ալեքսանդր Մամուտին: Բացի այդ, կապիտալի մոտ 1% վերահսկում է ընկերության մենեջմենտը, իսկ մնացած 50%-ը գտնվում է ազատ շրջանառությնա մեջ:
Նշենք, որ համաձայն լեռնա-երկրաբանական պայմանների, Լիճքվազ-փեյի հանքավայրի շահագործումը նախատեսվում է ստորգետնյա եղանակով, մոտ 150-200 հազար տոննա հանքաքարի տարեկան արտադրությամբ: Նման պայմաններում նախագիծը կարող է գործել 10-15 տարի, կախված հանքավայրի պահուստներից և լրացուցիչ ներդրումներից:
Հիշեցնենք, որ անցյալ դարի 90-ական թվականյներին Լիճքվազ-թեյի հանքավայրը պատկանում էր Iberian Resources ընկերությանը: 2008 թվականին ավստրալական Tamaya Resources ընկերության տնօրենների խորհուրդը, որին պատկանում է Iberian Resources ընկերության բաժնետոմսերի 82.6%-ը, հայտարարեց նախագիծը կոնսերվացնելու մասին: Ընկերության գնահատականով, ամորտիզացիոն ծախսերը Հայաստանում ավելի բարձր են, իսկ ոսկու պահուստները`ցածր են սպասվածից: Դրա համար էլ ընկերությունը որոշեց հետաձգել աշխատանքները Լիճքվազ-թեյի հանքավայրում, որը նախկինում համարվում էր հեռանկարային: Ըստ Iberian Resources ընկերության նախնական գնահատականների, ոսկու պահուստները հանքավայրում կազմում են 17 տոնա: Նշվում է, որ հանքավայրի միներալիզացումն սպասվածից բարդ դուրս եկավ, իսկ ավելի էժան արտադրական ցիկլի կազմակերպմանն ուղղված աշխատանքները հաջողությամբ չավարտվեցին: Tamaya Resources ընկերությունը որոշեց փակել իր ներդրումային գործունեությունը Հայաստանում և լրացուցիչ ռեսուրսներ այլևս չներդնել, քանի որ այդ հանքավայրի շահագործումը շատ մեծ ծախսեր է պահանջում: Ներդրումային ծրագրի նախնական արժեքը 2009 թվականին գնահատվել էր 65 մլն.դոլար:
Մեղրիի մոտ գտնվող Լիճքվազ-թեյի հանքավայրի շահագործումը որոշակի մտահոգություն է առաջացրել հայ բնապահպանների մոտ: Նրանք գտնում են, որ այդ շրջանի բազմամետաղական հանքավայրերը, ըստ խորհրդային ժամանակների գնահատականների, պարունակում են այսպես կոչված`տարածված ուրան, ինչը ՀՀ բնության պահպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է: