Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանում ռուսական կայազորային դատարանին: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Հյուսիս-Կովկասյան օկրուգի ռազմական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն:
«Կայազորային 5-րդ ռազմական դատարանը, որը տեղակայված է Երևանում և ենթարկվում է Հյուսիս-Կովկասյան օկրուգի ռազմական դատարանին, ստացել է Հարավային օկրուգի զորամասերից մեկի զինծառայողի` Վալերի Պերմյակովի գործը»,-ասել է Կատկալոն:
Նրա խոսքով, առաջիկայում տեղի կունենա դատարանի նիստը, որտեղ կորոշվի մեղադրվողին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման հարցը: Շուտով կնաշանակվի նաև դատական առաջին նիստի օրը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ԱԿ- 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Նույն օրն ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: