Ապրիլին Երևանում կընթանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում
է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Փառատոնի
շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա երեք համերգ Ռուսաստանի ազգային
ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը 2003 թվականից
Վլադիմիր Սպիվակովն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ
նվագախմբի պաշտոնական կայքը, համերգները կկայանան ապրիլի 14-16-ը Սպենդիարովի
անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Որպես
դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հանդես է եկել աշխարհի խոշորագույն համերգասրահներում`
եվրոպական և ամերիկյան հայտնի նվագախմբերի հետ: Որպես մենակատար և դիրիժոր
Սպիվակովի մասնակցությամբ թողարկվել է 40-ից ավելի սկավառակ, մեծ մասը` BMG
Classics, RCA Red Seal և Capriccio ֆիրմաների կողմից: Ձայնագրություններից շատերն
արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Diapason D'Or: