Սահմանադրական
բարեփոխումների նկատմամբ ԲՀԿ դիրքորոշումը, հնարավոր է, փոխվի, երբ ներկայացվի
բարեփոխումների հայեցակարգի նոր տեքստը, որն արմատապես տարբերվելու է նախորդից:
Մարտի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ
Միքայել Մելքումյանը:
Նրա
ասելով, նույնիսկ նախագահի հետ խորհրդատվությունները չկարողացան փոխել ԲՀԿ
դիրքորոշումը, և կուսակցությունն առաջվա նման դեմ է սահմանադրական
բարեփոխումներին, քանզի կարծում է, որ փորձագետների հանձնաժողովի ներկայացրած
հայեցակարգը չի լուծում երկրում առկա մի շարք խնդիրհներ: «Երբ ներկայացվի
սահմանադրական բարեփոխումների երկրորդ տարբերակը, մենք քննարկումներ կանցկացնենք
և, հնարավոր է, փոխենք մեր դիրքորոշումը», - հայտարարել է նա:
Մելքումյանը
նաև անդրադարձել է երկրում ձևավորված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որի անդամ
է նաև ինքը: Քաղաքական գործչի ասելով, երկրում առկա իրավիճակն այնքան բարդ է, որ
իշխանությունները ձևական մարմին չէին ձևավորի: «Դա քաղաքական որոշում է, որը պետք
է շարժի գործընթացը մեռյալ կետից», - կարծում է նա: Քաղաքական գործիչը նաև նշել է,
որ այդ խորհրդի աշխատանքը դժվար կլինի, սակայն արդյունավետության դեպքում երկրում
սպասվում են լուրջ փոփոխություններ: «Իսկ եթե դա լինի ձևական մարմին, ապա ես առաջինը դրանից դուրս կգամ», - ընդգծել է նա:
Հիշեցնենք,
որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Համապատասխան որոշում է կայացվել փետրվարի 19-ին կառավարության նիստում: Կառույցի
կազմում ընդգրկված են Դավիթ Հարությունյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովհաննես
Մանուկյանը, Գևորգ Կոստանյանը և Վազգեն Մանուկյանը, ինչպես նաև ԱԺ բարձրաստիճան
պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանույշ Սահակյանը և մեկական անդամ
ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններից և համայնքային միություններից,
քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ: Ուշագրավ է, որ երկրում
կոռուպցիայի դեմ պայքարը վստահվել է պետական պաշտոնյաների, որոնք ամենամեծ
կարողությունն ունեն` եկամուտների և գույքի մասին
վերջին հայտարարագրման տվյալներով: