Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված Արթուր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ միջնորդությունը: Այդ մասին հայտնել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Դատարանը բավարարել է նաև խմբավորման անդամ Ասյա Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, տվյալ պահին դատարանն արդեն բավարարել է խմբավորման 4 անդամի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը և ձեռնամուխ եղել Երևանում վնասազերծված հանցավոր խմբավորման մնացած անդամների կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, հանրապետության տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԱԾ կողմից ձերբակալված Արթուր Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը, ԱԱԾ հավաստմամբ, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: