Հայաստանի կորպորատիվ արժեթղթերի շուկայի ակտիվացման համար ներկայումս ձևավորվել են բոլոր բարենպաստ պայմանները: Այս մասին հայտարարել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը: Նա նշել է, որ այժմ դիտվում է տոկոսադրույքերի կայունացում, որը ձեռնտու է ներդրողներին: Նրա խոսքով, շուկայում զգացվում է գրավի իրացվելիության պրոբլեմը, որն այսօր էապես նվազեցնում է նոր կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու հնարավորությունը:
«Բացի այդ, Հայաստանի արժեթղթերի շուկաի զարգացման համար պրոֆեսիոնալ ֆոնդային բորսայի առկայությունը, անգամ միջազգային լինքով, ցավոք, դեռ բավարար չէ: Անհրաժեշտ են ակտիվ թողարկողներ, ինչպես նաև հարկային համապատասխան կարգավորում և ենթակառուցվածքներ»,-գտնում է Գ.Մաչանյանը:
Նշենք, որ այսօր, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ներկայացրեց մանրամասներ իր պարտատոմսերի առաջին երկու տեղաբաշխումների մասին և հայտարարեց պարտատոմսերի երրորդ տրանշի տեղաբաշխման մասին: Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառում է 5,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 1,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 5 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բորսայի տեղաբաշխման հարթակում ս.թ. ապրիլի 27-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի պարտատմոսերի 1-ին և 2-րդ տրանշները հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայի տեղաբաշխման հարթակում, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի թողարկումից ներգարվված միջոցները բանկը նախատեսում է օգտագործել վարկերի տրամադրման և ներդրումային գործունեության համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկը ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 21%: Դրանց կառուցվածքով, վարկային ներդրումները կազմել են ավելի քան 45%, որոնց ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, տարեկան աճը`32.4%: Ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, պարտավորությունները` 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 36.9%, իսկ ժամկետային ավանդները կազմել են 29.3 մլրդ ՀՀ դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը`35,1%: Ներդրումների պետական պարտատոմսերում կազմել են 28.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4%, և այս ցուցանիշով բանկը գտնվում է երկրորդ տեղում: 2014 թվականը բանկը եզրափակել է 2.3 մլրդ.դրամ զուտ շահույթով (տարեկան աճը`32.4%), տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում: