Աշխարհաքաղաքական հավասարակշռության ստեղծված պայմաններում Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի և Հայաստանի վրա`սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում միայն, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը`մեկնաբանելով սահմանին հակառակորդի վերջին գործողությունները:
Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գտնվում են Տավուշի մարզում:
ՙԱռկա աշխարհաքաղաքական հավասարակշռության պայմաններում նման երաշխիքներ Բաքվին կարող է տալ միայն որոշակի աշխարհաքաղաքական կենտրոն`Մոսկվան: Սակայն, Ռուսաստանն արդեն բավական ծանրակշիռ աշխարհաքաղաքական պարտություն է կրել: Այնպես որ, հիմնական հարցերը, այդ թվում`մեր տարածաշրջանում, այսօր լուծում են բոլորովին այլ`Ռուսաստանին զգալիորեն գերակշռող խաղացողները՚,- ընդգծել է Սարոյանը:
Այա առումով վերլուծաբանը վստահ է, որ Բաքվում բավականաչափ հասկանում են աշխարհաքաղաքական իրավիճակը, որպեսզի ձեռնպահ մնան հայկական հանրապետությունների հետ ՙչթույլատրված՚ պատերազմից և նոր`այս անգամ ավելի լուրջ դաս ստանալուց: Այսօր աշխարհը, ըստ նրա, գոյատևում է շահերի ռազմաքաղաքական հավասարակշռության շնորհիվ, որում հարկավոր է պարբերաբար ընդգծել սեփական սուբյեկտությունը: Սարոյանի կարծիքով, դա, անշուշտ, վերաբերում է նաև Հայաստանին:
ՙԱլիևի ռեժիմի կողմից դիվերսիաները, դիպուկահարների աշխատանքը, հրադադարի ռեժիմի խախտումներն ուղղված են ներքին խնդիրների լուծմանը, արտաքին թշնամու կերպարի ձևավորմանը, ռազմատենչ հռետորաբանության արդարացմանը: Սակայն, իրական պատերազմի հետ այդ ամենը կապ չունի՚,- ամփոփել է վերլուծաբանը:
Նշենք, որ վերջին 20 օրում Ադրբեջանը բազմիցս դիվերսիոն փորձեր է կատարել, ինչի հետևանքով բազմաթիվ կորուստներ է կրել: Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից շփման գծում և սահմանին հակառակորդի գնդակից 10 հայ զինծառայող է մահացել: