Ոստիկանությունը մտադիր չէ «կոտրել» Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդությանը: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա հայտարարել է, որ հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է, հետևաբար, իշխանություններն ու ոստիկանությունն ըմբռնումով են վերաբերվում պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում նա ակտիվիստներին հայտարարել է, որ հենց նրանք են Հայաստանի ապագան, ապագան չեն սպանում և չեն կոտրում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հերթին ակցիայի մասնակիցներին հորդորել է ցրվել տները և ազատել պողոտան, սակայն վերջինները հրաժարվել են դա անել: Ինչից հետո նա աղբամանների տակ մետաղյա ձողեր է հայտնաբերել, որոնք, ակտիվիստների ասելով, օգտագործվում էին պաստառներ փակցնելու համար: Սակայն Օսիպյանը հայտարարել է, թե դրանք դիտարկում է որպես մահակներ, և պահանջել է առգրավել:
Նշենք, որ նախօրեին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է Ազատության հրապարակում նստացույցը դադարեցնելու մասին: Ինչպես լրագրողներին հայտարարել է նախաձեռնության ներկայացուցիչ Մաքս Սարգսյանը, ակտիվիստները որոշել են հեռանալ հրապարակից, իսկ իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն քննարկումներից հետո` հունիսի 30-ի մամուլի ասուլիսում: