ԵՄ գերակայություններից մեկը Մինսկի խմբի սատարումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«ԵՄ պաշտպանում է բոլոր հակամարտությունների կարգավորման խաղաղ ճանապարհը: Մարդկանց հակամարտությունների զոհերի վերածելը մեծ ողբերգություն է: Մենք պաշտպանում ենք հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ ջանքերը», - նշել է դեսպանը:
Ընդ որում, վկայակոչելով ԵՄ արտաքին գործեի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, Մարդն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս «ստատուս-քվոն» ձեռնտու չէ հակամարտող կողմերին և մշտական բնույթ չի կրում: Նա, միևնույն ժամանակ, հավելել է, որ ԵՄ իր դերն է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այցով Ադրբեջանում էր: Նա կայցելի նաև Հայաստան: ԵՄ վերստին բոլոր միջոցները կօգտագրոծի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Տիկին Մոգերինիի մասնակցությամբ Եվրախորհրդարանում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵՄ պաշտպանում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն նպատակաուղղված Մինսկի խմբի ջանքերը: Մենք կձգտենք, որպեսզի համանախագահները քննարկման ներգրավեն երկու կողմերին», - ամփոփել է Մարդը: