Թուրքիան և Ռուսաստանը համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն: Այդ մասին ՙԻնտերֆաքսին՚ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը`պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցին, դիվանագետի խոսքով, ինքը`որպես արտակարգ և լիազոր դեսպան, չի կարող մեկնաբանել այդ տեղեկատվությունը, քանի որ նման հարցերը երկու երկրների առաջնորդները լուծում են միմյանց միջև:
ՙՀամոզված ենք, որ ռուս-թուրքական կայուն հարաբերություններն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում կայունության կարևոր երաշխիք են: Բայց, ցավոք, կան շրջանակներ, որոնք շահագրգռված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ: Օրինակ՝ Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս որոշ հայկական շրջանակներ այլ տեսակետ ունեն, նրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին` բացասական ազդեցություն են ունենում այդ գործընթացի վրա: Անշուշտ, մենք չենք ասում, թե ինչ-որ երկրի կողմից բացահայտ գործունեություն է իրականացվում ռուս-թուրքական փոխհարաբերությունների դեմ: Սակայն, մեր հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով տարբեր ակցիաներ են անցկացվում, բայց մենք հավատում ենք, որ դրանք ազդեցություն չեն ունենա մեր հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա: Այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր գցել մեր երկկողմ հարաբերությունների վրա: Սակայն մենք միշտ ուրախ կլինենք, եթե ռուսական կողմը նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերի լուծմանը՚,- ասել է դեսպանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում իր ելույթում հայտարարել էր. ՙՄեր դիրքորոշումն անփոփոխ է. մարդկանց զանգվածային սպանությունը ոչ մի կերպ չի կարող արդարացվել՚: ՙՌուսաստանն ի սրտե կարեկցում է հայ ժողովրդին, որը վերապրել է աշխարհի մեծագույն ողբերգություններից մեկը. 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում սպանվեց 1,5 մլն հայ, 600 հազարը` բռնի տեղահանվեց, ոչնչացվեցին պատմության եզակի հուշարձաններ, անգին գրքեր և ձեռագրեր՚,- հիշեցրել էր Պուտինը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Պուտինի Երևան այցը` կոչ անելով հիշել սեփական երկրի պատմության ՙսև էջերը՚` նախքան Հայոց ցեղասպանությունը դատապարտելը: