Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում չի լինի:
Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, մայիսի 31-ին Վլադինմիր Պուտինը կմեկնի Աստանա` մասնակցելու ԵԱՏՄ պետությունների ղեկավարների նիստին:
«ԵԱՏՄ մասնակից պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրման խորացման հեռանկարները, ներառյալ` գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, կարծիքներ կփոխանակեն օտար երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ԵԱՏՄ գործունեության գործնական ասպեկտների վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ընդունում: Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ հանդիպում կանցկացնի Ղազխաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին չէր բացառել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն Աստանայում: