Հաստատ, Բարաք Օբաման կամ որևիցե այլ ղեկավար մեր հայրենիքը հետ չի բերելու: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով Օբամայի`իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» եզրույթից հրաժարվելը:
«Ցեղասպանության եզրույթի օգտագործումը Օբամայի կողմից, ոչ թե լավություն է հայ ժողովրդին, այլ ամերիկյան պատմության ինտեգրալության մասին ապացույց կլիներ, որ հենց ամերիկացիներն են իրենց դեսպաններով, հյուպատոսներով, միսիոներներով 100 հազարավոր փաստաթղթերով, որոնք ապացուցեցին, հաստատեցին, որ տեղի է ունենում աննախադեպ ոճրագործություն: Եվ դրա համար, Օբաման կամ որևէ այլ երկրի ղեկավար չի ուզում իր սեփական պատմությունը հարգել սեփական պատմագրության ինտեգրալությունը պաշտպանել` դա իրենց խնդիրն է»,-ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է նաև, որ դժգոհ է Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության գործունեությունից, որն ընթանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Այդ հարցում հաջողության հասնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ժողովրդավարական պետություն, ինչը չունենք»,-հայտարարել է նա:
Իր հերթին, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հաջողվել է հասնել որոշակի հաջողության, վստահություն հայտնելով, որ Թուրքիան նույնպես վաղ թե ուշ կճանաչի ցեղասպանությունը: «Բայց մեզ համար առաջնահերթություն պետք է հանդիսանա հայկական պետականության ամրապնդումը և սոցիալ-տնտեսական պրոբլեմների լուծումը»,-հայտարարել է նա:
Նշենք, որ արդեն Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ Ազգային Կոնգրեսի անդամների ուղեկցությամբ, ով հրաժարվեց զրուցել լրագրողների հետ: Իսկ երկրորդ նմախագահ Ռոբերտ Քոչարյանը միջոցառումներին չի մասնակցել, քանի որ առողջության հետ կապված խնդիրներով գտնվում է արտերկրում: