Երևանում սկսվել է երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես նշում են ակցիայի մասնակիցները, 2009 թվականից ի վեր էլեկտրաէներգիան թանկացել է 70%-ով` 25 դրամից հասնելով մինչև 42 դրամի: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների նախատեսվող հերթական բարձրացումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գների կտրուկ աճի, բացասական ազդեցություն կգործի երկրի տնտեսության և բնակչության բարեկեցության վրա: Երթն ընթանում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
Ակտիվիստները նշում են, որ մտադիր չեն փակել ուրիշի պարտքերը, և նրանց պահանջն է` ոչ մի կոպեկ ավելի: Նրանք նաև պահանջում են միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի գործող սակագների նվազեցման ուղղությամբ: Ինչպես նշվել է ակցիայի ժամանակ, ակտիվիստները պատրաստ են պայքարի, ինչպես նաև անհնազանդության նոր ակցիաների: Հաջորդ ակցիան կկայանա հունիսի 19-ին Ազատության հրապարակում:
Նշենք, որ մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ հայտ է ներկաայցրել ՀԾԿՀ: էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու ՀԷՑ մտադրությունը հասարակական մեծ հակազդեցություն է հարուցել: Մասնավորապես, առաջարկում է 1 կՎտ էլետրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ, ներկայիս 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` մինչև 48,93 դրամ, ներկայիս 31,85 դրամի փոխարեն: ՀԾԿՀ կարող է 80 օրվա ընթացքում ուսումնասիրել ՀԷՑ հայտը, և որի բավարարման դեպքում դա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացումը վերջին 2 տարում: Վերջին թանկացումը եղել է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Ցերեկային սակագինը (7:00-23:00) սպառողների համար կազմեց 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը (23:00-7:00) սահմանվեց 31,85 դրամ` նախկին 28 դրամի փոխարեն: Երկրի իշխանությունները` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են սակագների հերթական թանկացման համար մեղքը բարդել ՀԷՑ «վատ կառավարման» վրա: Միևնույն ժամանակ, նույն Երվանդ Զախարյանի տեղակալի ասելով, կառավարության երաշխիքներով և ՀԾԿՀ համաձայնությամբ ցանցերը ներգրավել են 220 մլն դոլարի վարկեր: Հետևաբար, ընկերության անվճարունակության դեպքում այդ պարտավորությունները պետք է ստանձնեն հարկատուները: