


Կոպիտ հաշվարկներով, Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նախօրեին ՙՇանթ՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Նրա ասելով, գազի բաղադրիչն էական է էլեկտրաէներգիայի ինքնարժեքում, և այդ պատճառով գների աճն անխուսափելի է, քանի որ հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության 42 տոկոսը բաժին է ընկնում ՋԷԿ-երին: Այժմ առավել ճշգրիտ հաշվարկներով զբաղվում է կարգավորող մարմինը, և վերջնական գինը կհայտարարվի` ելնելով գազի գնի փոփոխությունից, ասել է նախարարը: Մովսիսյանը նշել է, որ Հայաստանի վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը բավականին երկար ժամանակ չի փոխվել, չնայած վառելիքի, նյութերի, սարքավորումների գների աճին, արժույթի փոխարժեքի տատանումներին և այլ գործոններին: Նա ավելացրել է, թե գազի գնի աճը բնակչության համար սպասվում է մինչև 20 տոկոսով, իսկ բիզնեսի համար` մինչև 15 տոկոսով, թեև գազի շուրջ բանակցությունները ՙԳազպրոմ՚ ԲԲԸ հետ դեռ շարունակվկում են, և աճը կարող է լինել ավելի զուսպ:



