Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հավատում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակ պարագայում նրանք չէին բանակցի, հայտարարել է «Ամերիկայի ձայնին» ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Երկու նախագահներն էլ դրական են տրամադրված առաջընթացի ձեռքբերման առումով, որ պրոբլեմը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ պատերազմն աղետ կարող է լինել ողջ տարածաշրջանի համար»,-նշել է Ուորլիքը:
Միջազգային միջնորդներն իրենց կողմից փորձում են կողմերին համոզել վերջապես հասնել հակամարտության կարգավորմանը: «Հենց հիմա է եկել ժամանակը: Հայաստանի և Ադրբեջանի նախագաներն ուզում են խաղաղություն, ուզում են կարգավորում`խաղաղ ճանապարհով: Ոչ հաջորդ տարի, ոչ երկու տարի, և ոչ էլ հինգ տարի անց ավելի լավ չի լինելու: Ավելին, շփման գծում իրավիճակն ավելի վտանգավոր է`ծանր սպառազինությունների և հրետանու ներկայությամբ»,-ընդգծել է Ուորլիքը:
Նրա խոսքով, տարածաշրջանում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ «ցանկացած սխալ հղի է լայնամասշտաբ հակամարտության ռիսկով»: Ուորլիքը հավելել է, որ ԱՄՆ ողջունում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Պուտինի ջանքերը, որ Ռուսաստանը նույնպես հետաքրքրված չէ հակամարտության սրումով: