Ամենայն հավանականությամբ, Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կսահմանափակվեն Բաշար Ասադի ռեժիմի անվերահսկելի փլուզում և Դամասկոսի անկում թույլ չտալով` ռազմաքաղաքական ձևաչափի միջոցով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Չեմ կարծում, թե Ռուսաստանին Սիրիայում հարկավոր է երկրորդ Աֆղանստան: Մոսկվան ընդամենը ձգտում է պահպանել ներգրավվածությունը սիրիական գործընթացում` դա օգտագործելով Արևմուտքի հետ սակարտության նպատակով: Դա հատկապես արդիական է` հաշվի առնելով սիրիական թեմատիկայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումների մերձեցման պահպանվող հնարավորությունը:
Համոզմունք հայտնելով, որ Մոսկվան գիտակցում է մինչև 2011 թվականի իրավիճակին Սիրիայի վերադարձի անհնարին լինելը, Մարկեդոնովը նշել է, որ Ռուսաստանի համար ցանկալի չէ Սիրիայի իրադրության կտրուկ վատթարացումը և Բաշար Ասադի պարտությունը, և նա ձգտում է պահպանել գոնե ստատուս-քվոն:
Մեկնաբանելով վերջին ժամանակներս Ադրբեջանի տարածքով դեպի Սիրիա «միջանցքի» ապահովմամբ Ռուսաստանի շահագրգռվածության թեմայի շահարկումները` Մարկեդոնովը տարակուսանք հայտնել, թե դա Մոսկվային հարկավոր է այստեղ և հիմա: «Նման սցենարի իրագործման համար Կրեմլին հարկավոր է, առնվազն, համաձայնենցնել դիրքորոշումներն Իլհամ Ալիևի հետ: Եվ ամենևին փաստ չէ, որ վերջինն այսօր պատրաստ է գնալ այդպիսի մեծ ռիսկի», - ամփոփել է վերլուծաբանը: