Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետեւել է Երեւանի Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին: Ինչպես նշվում է ՄԻՊ գրասենյակից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, անցած գիշեր թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր, որոնց կապակցությամբ ձեռնարկվել են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, միաժամանակ, հիշեցրել է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն:
Ինչպես արդեն հաղորդվել է, անցած գիշեր Խորենացի փողոցում բախումներ են տեղի ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա Ծեր» խմբավորմանը սատարող ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներն սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանցից պատասխան չեն ստացել ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին սնդամթերքի փոխանցմանն առնչվող հարցին: Ցուցարարներին ցրելու նպատակով Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ:
Ոստիկանությունն իր հերթին հաղորդել է, որ հուլիսի 20-ի` լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարրաների միջև բախումների հետևանքով բերման է ենթարկվել 136 քաղաքացի: «Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն», - նշվում է Ոստիկանության հաղորդագրությունում: