ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը (Սյունիքի մարզպեսշտ Սուրեն Խաչատրյանի եղբայրը)։ Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը ևս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ մայիսի 2-ին Զաքարյանների և Սյունիքի մարզպեսի որդի Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի, որին մասնակցել են նաև այլ անձինք: Մայիսի 4-ին Սյունիքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել «ինքնությունը չհաստատված անձանց կողմից խուլիգանության» փաստի առնչությամբ:
Մինչդեռ տուժածների հայրը` Գագիկ Զաքարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ամեն բանի համար մեղադրել է մարզպետի որոդուն` Տիգրան Խաչատրյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում տեսել են իրեն` Սուրիկ Խաչատրյանին և նրա մյուս որդուն: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով տուժած Արթուր Զաքարյանը Մոսկվայում վիրահատության է ենթարկվել, սակայն նրա մեկ աչքը փրկել չի հաջողվել: