ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ, ակտիվիստ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ Գյումրիի Վարդանանց հրապարակից բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:
ՙԱյսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա: Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը: Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը՚,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Մինչդեռ Հարությունյանը հայտարարել է, որ չգիտի, թե ինչու են իրեն ձերբակալել:
Ըստ որում, հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՙՀիմնադիր խորհրդարանի՚ 10 անդամի առևանգել ու տարել են անհայտ ուղղությամբ: Հաղորդվում է նաև, որ նրանք մտադիր էին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ֆլեշ-մոբ անցկացնել Հանրապետության հրապարակում, որտեղ այսօր պետք է էկումենիկ արարողություն տեղի ունենա՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ: