ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր ՙԶվարթնոց՚ օդանավակայանում և ՙԱրմենիա՚ հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են:
«Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է /ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված/, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու և այն կատարած անձին հայտնաբերելու համար: Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում: