ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի վերադարձը Երևան վկայում է այն մասին, որ երկրի իշխանությունների և ՀԷՑ սեփականատեր ռուսական ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ի միջև լարվածությունը շարունակվում է: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ցրումը Բիբինի վերադարձի օրը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջումների գնալ ռուսական կողմին, սակայն Ազատության հրապարակում նոր ակցիան վկայում է հայկական կողմի որոշակի նախապայմանների մասին, որոնք պետք է բավարարվեն: Փորձագետը լուրջ մտավախություններ ունի նաև այն առնչությամբ, որ ՀԷՑ-ում աուդիտի ընթացքում ռուսական կողմը լիովին կարդարացնի Բիբինին և իր գործողությունները, իսկ հայկական կողմը`իր, ինչն ինչպես հասարակությունում, այնպես էլ կողմերի միջև լարվածության նոր փուլի պատճառ կդառնա: ՙԱյս առումով հասկանալի չէ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հանդես եկող ակտիվիստների որոշումը, քանի որ, հաշվի առնլով բոլոր նրբությունները, անհրաժեշտ է մասնակցել աուդիտային խմբի աշխատանքներին`վերջինիս եզրակացությունների օբյեկտիվությանը հետևելու նպատակով՚,- նշել է նա:
Սաֆարյանը գտնում է նաև, որ սակագների բարձրացման դեմ շարժումը ճգնաժամ է ապրում, ինչի վկայությունը նա համարում է նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը: ՙԱկնհայտ էր, որ հավաքվածները չունեն ռազմավարություն, հետևաբար`չկան ճնշման լծակներ՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ հասարակությունը չպետք է հիասթափվի, քանի որ դա նորմալ է երկարաժամկետ ակցիաների համար:
Նշենք, որ նախօրեին ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիան: Դավիթ Սանասարյանը հունիսի 6-ին Ազատության հրապարակում հայտարարել է հացադուլ սկսելու մասին: ՙԱյս քայլը նպատակաուղղված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ քաղաքացիների դեմ: Ես իմ բողոքն եմ հայտնում ընդդեմ Հայաստանի քաղաքացիների և հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները միանան ընդհանուր պայքարին Ազատության հրապարակում, և մենք միասին շարժվենք դեպի Բաղրամյան՚, - հայտարարել է Սանասարյանը: Հովհաննես Կարապետյան անունով մեկ այլ ակտիվիստ կարել է բերանը: