Թուրքիայի իշխանությունները փորձում են Հայ առաքելական
եկեղեցու Պոլսո պատրիարքության միջոցով քարոզչություն իրականացնել ընդդեմ Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման: Մարտի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին
հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա ասելով, Պորլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսսկոպոս
Մութաֆյանն անբուժելի հիվանդ է, հետևաբար չի կարող կատարել իր գործառույթները, և
համայնքը պահպանելու համար անհրաժեշտ են նոր պատրիարքի անհապաղ ընտրություններ,
որոնց անցկացմանը, սակայն, խոչընդոտում են ոչ միայն Թուրքիայի իշխանությունները,
այլև` պատրիարքության անդամները:
«Պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը հայտարարել է,
թե դիմել է Ստամբուլի քաղաքային իշխանություններին` պատրիարքության համակառավարիչ
ընտրելու թույլտվություն ստանալու համար, սակայն քաղաքապետարանը նշել է, որ նման
դիմում չի ստացվել, հետևաբար, արքեպիսկոպոսը ստում է և չի ցանկանում
ընտրությունների անցկացում», - նշել է փորձագետը: Նա նաև Մայր աթոռ Սուրբ
Էջմիածնին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցին և հնարավորինն անել
անհապաղ ընտրություններ անցկացնելու համար: «Ինչպես Թուրքիայի իշխանությունները,
այնպես էլ Աթեշյանի կողմնակիցները լավ գիտակցում են, որ ընտրություններում կարող է
հաղթել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ով կարող է իր շուրջը
համախմբել համայնքը և գործել հայ ժողովրդի օգտին», - նշել է թուրքագետը:
Մելքոնյանը նշել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայ
ժողովուրդը հիշելու է Հայոց ցեղասպանության զոհերին, արք. Աթեշյանը մտադիր է
Ստամբուլի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ մատուցել Գալիպոլիի
ճակատամարտի զոհերի հիշատակին: Փորձագետի կարծիքով, այդպիսով արքեպիսկոպոսը ջուր է
լցնում թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին: «Թուրքիայի հայ համայնքի
ներկայացուցիչները հաճախ այնքան հնազանգ են լինում, որ անցնում են թույլատրելիի
սահմանները` դառնալով գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին», - եզրափակել է
նա:
Պոլսո հայոց պատրիարքությունը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկն է, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի պաշտոնը 1998 թվականից ի վեր զբաղեցնում
է Մեսրոպ արք. Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից և մի քանի մահափորձերից հետո, որ իրականացրել
են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամները, 53-ամյա Հայոց պատրիարքի
ինքնազգացողությունը վատացել է, իսկ հետո բժիշկները ախտորոշել են անբուժելի
ամնեզիա: 2004 թվականից ի վեր Թուրքիայի ղեկավարությունը հայ համայնքին թույլ չի
տալիս նոր պատրիարքի կամ համակառավարչի ընտրություն նշանակել (Ըստ Թուրքիայի
օրենքների, ազգային համայնքի ղեկավարը միևնույն ժամանակ պետք է լինի հոգևոր առաջնորդ): -