Փարիզ քաղաքի Շատլեի թատրոնում ապրիլի 21-ին տեղի կունենա Oսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղաստանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համերգ:
Համերգը կազմակերպվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարություն աջակցությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Համերգի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի երգչախմբի ձայնակցությամբ:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ: