

Երևան: ԱրմԻնֆո: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե ոչ մի նոր բան չի տեսնում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հայտարարության մեջ, և գլխավոր գործոն է համարում դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումը: ՙԴա մեզ համար նորություն չէ, մենք շարունակում ենք մեր ուղին: Ինձ համար գլխավոր այն է, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ նոր անդամների ընդունման հարցը պետք է լուծեն դաշինքն ու այն երկրները, որոնք հավակնում են անդամության, և ոչ մի պետություն այդ ծրագրին չի կարող խոչընդոտել՚, - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ՙՌուսթավի-2՚ հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում: ՙՆԱՏՕ-ին ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է՚, - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի տեղաշարժը դեպի Ռուսաստանի սահմաններ ՙչի դիտարկվում որպես Ռուսաստանի համար դրական փաստ՚:



