Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավը, նույնիսկ ԱՀ ՄՄ կողմից անհամարժեք օրինագծի վերաբերյալ տեղեկատվության հերքումից հետո, առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:
Մայիսի 20-ին ԱՀ Միլլի մեջլիսի մամուլի ծառայությունը հերքել է նախորդ շաբաթ մի շարք կառավարամետ ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդումները, որոնցում վկայակոչվում էր նույնիսկ ՙԱդրբեջանի օկուպացված տարածքների մասին՚ օրինագծի տեքստը: Օրինագիծը քրեական պատիժ էր նախատեսում հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների, ինչպես նաև Ադրբեջանի առանձին քաղաքացիների նկատմամբ` ՙմինչև օկուպացված տարածքների ազատագրումը՚ Հայաստանի հետ համագործակցության համար:
ՙԱմեն դեպքում մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը նույն ձևով, ինչպես այն իրականացվել է նախկինում: Մենք նաև մտադիր ենք անցկացնել առցանց հարցազրույցներ միջազգային փորձագետների հետ, այդ թվում` նաև այդ հարցի շուրջ, խնդրելով մեկնաբանել այդ իրավիճակը, դրա առաջացման հնարավոր պատճառները: Շատ ափսոս կլիներ խաչ քաշել վերջին տարիներին մեր ծրագրերի շրջանակներում ողջ կատարվածի վրա, իսկ արվել է շատ բան: Միայն այն, որ հայերն ու ադրբեջանցիները հանդիպում են, շփվում և մեկը մյուսի մեջ տեսնում մարդկանց, այլ ոչ թե գազանների, շատ բան արժե: Եվ ճիշտ չէր լինի արգելաձող դնել մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու ճանապարհին՚, - նկատել է Բաղդասարյանը:
ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը և Ադրբեջանի խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների հետ համատեղ առցանց մամուլի ասուլիսներ է կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար: Հարցազրույցներ են կազմակերպվում ՙՄիմյանց մասին հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում:
Բաղդասարյանի կարծիքով, նման օրենքի ընդունումն ուժգին հարված կհասցներ երկու երկրների հասարակությունների շրջանում իրականացվող բոլոր նախագծերին, քանի որ հայերի հետ շփման համար քրեական պատասխանատվությունը կարող է չափազանց վախեցնել ադրբեջանցիներին` հոգեբանորեն: Այդ համատեքստում փորձագետն անհամարժեք է համարում նման օրինագիծը, որը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շահերին: