Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջիկա հրաժարականի հիմնական պատճառն Արևմուտքի աչքին նրա հեղինակության աճն է` նրա նախաձեռնությամբ իրականացված «միգրացիոն գործարքից» հետո: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Այն մասին, որ Դավութօղլուն իր թեկնածությունը չի առաջադրի իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններում, հայտարարվել է կուսակցության կենտրոնական ղեկավար մարմնի նիստում: Սպասվում է, որ վարչապետի հրաժարականի մասին կհայտարարվի մայիսի 22-ին` կուսակցության համագումարում: Կուսակցության առաջնորդի պաշտոնում նրան հաջորդողի անունն առայժմ հայտնի չէ:
Թուրքագետը նշել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև «միգրացիոն գործարքի» հիմնական գաղափարների հեղինակությունն էապես նպաստել է Թուրքիայի վարչապետի անձնական հեղինակության աճին Եվրոպայի և անձամբ Գերմանիայի կանցլերի ու եվրոպական այլ ղեկավարների աչքին, ովքեր շահագրգռված էին միգրանտներին առնչող ճգնաժամի կարգավորմամբ: Նրա գնահատմամբ, դա կարող էր վատ ծառայություն մատուցել Դավութօղլուին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդագին է ընկալում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող մարդկանց:
«Իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիությունը և Դավութօղլուն ընդհանուր բացասական դիրքորոշում ունեին Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխման նկատմամբ, որի նպատակը վերջինիս օժտումն է բացարձակ իշխանությամբ, հենց այդ հակասությունների ընդհանրությունն էլ կարող էր որոշիչ լինել Դավութօղլուի քաղաքական ապագայի հարցում», - նշել է Սաֆրաստյանը:
Բրյուսելը` ի դեմս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, հայտարրաել է, որ առայժմ վաղ է որոշել, թե արդյոք Դավութօղլուի հրաժարականը հետևանք կունենա միգրացիայի զսպման շուրջ նրա կնքած պայմանագրի վրա: Սակայն եվրոպական քաղաքական գործիչներն, ընդհանուր առմամբ, վատ քողարկվող դժգոհությամբ են ընդունել Թուրքիայի վարչապետի առաջիկա հրաժարականի մասին լուրը: