Սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» շարժումը հանրահավաք-երթ կանցկացնի` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման:
«Կոչ ենք անում համայն հայությանը միանալ պայքարին, Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում, գյուղերում, եթե մարդիկ չեն կարող գալ Երևան, թող տեղում կազմակերպեն անհնազանդության ակցիաներ, սփյուռքի հայությանը կոչ ենք անում կազմակերպել բողոքի ակցիաներ դեսպանատների դիմաց։ սարգսյան սերժը և իր նման իր ստախոս կառավարսւթյունը հերթական անգամ փորձում է լտկի ձևով ժողովրդի վզին փաթաթել հերթական թալանը։ Թույլ չենք տալու ոչ մի դեպքում էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացում», - ասվում է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում կայացել է բողոքի ակցիա, որի ընթացքում բերման էին ենթարկվել 5 ակտիվիստներ, այդ թվում` նախաձեռնության համակարգողներ: Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել «Ոտքի Հայաստան» շարժման 7 ակտիվիստներ, որոնք նույնպես դեմ են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը: Նույն օրը բոլոր ակտիվիստներին ազատ են արձակել:
Բողոքի ակցիայի պատճառը փոքր և միջին ձեռնարկությունների համար թանկացած էլեկտրաէներգիայի արժեքի մի մասը սուբսիդավորելու կառավարության որոշումն էր: Այսպես, խոսքը վերաբերում է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ձեռնարկություններին: Կառավարությունը կսուբսիդավորի ամսական 250 կվտ/ժ ծավալի էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի դիմաց: