Ադրբեջանը քննարկում է ՙՀայաստանին դիպուկահար հրացաններ վաճառած՚ ընկերությունների դեմ հայց ներկայացնելու հարցը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանը քննարկում է Հայաստանին դիպուկահար հրացաններ վաճառելու մեջ կասկածվող բրիտանական ՙAccuracy International՚ և ֆրանսիական ՙPGM Precision՚ ընկերությունների դեմ դատական հայց ներկայացնելու հարցը:
Նշվում է, որ Հայաստանին վաճառված զենքը թեև արտադրվել է բրիտանական ՙAccuracy International՚ և ֆրանսիական ՙPGM Precision՚ ընկերությունների կողմից, դրանց վաճառքն իրականացրել է այլ ընկերություն: Ներկա պահին այդ ընկերությունը փակվել է: Ընկերության անվանումը և այն, թե որքան զենք է վերջինս վաճառել, հայտնի չէ: Նախատեսվում է, որ այդ հարցը կհետաքննվի դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել Հայաստանի զինծառայողների կողմից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության ՙPGM Mini-Hecate՚ և ՙArctic Warfare.338LM՚ դիպուկահար հրացաններ օգտագործելու մասին: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միշտ հավատարիմ են եղել Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման՝ ԵԱՀԿ սահմանած էմբարգոյին: Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսին Ադրբեջանին զենք վաճառելու փորձի համար բրիտանացի Մայքլ Ռենջերը դատապարտվել էր 3,5 տարի ազատազրկման: