Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշանակման մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ները փորձել են ճշտել Նազարյանից, ով կարճ պատասխանել է. «Այո, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի՚:
Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետի պաշտոնում Ներսիկ Նազարյանի փոխարեն նշանակվել է Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներում տարբեր ենթադրություններ էին հնչում Նազայանի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ: Ներսիկ Նազարյանն այդ ժամանակ հավաստիացրել էր, որ լուրերն այն մասին, թե ինքը պաշտոնից ազատվել է, քանի որ չի կարողացել ապրիլի 9-ին կանխել սադրանքները կամ իր գլխավորությամբ բացահայտվել է «նալոգների՚ համակարգ, իրականությանը չեն համապատասխանում։
ԶԼՄ-ները, սակայն, հակառակն են պնդել: Մեկնաբանելով Երևանի նախկին ոստիկանապետի հրաժարականը՝ լրատվամիջոցները գրել են այն մասին, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել էր ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ փողեր էր կորզել: Ըստ այդ տվյալների, Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց դրա հետ: Հիշյալ ֆինանսական բուրգի «շրջանառությունը՚, ինչպես նշվել է, կազմել է 2.5 միլիոն դոլար: