Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակոցների փաստով հարուցված գործի շրջանակներում արդեն 40 մարդ է հարցաքննվել:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեում: Աղբյուրի համաձայն, նախաքննության շրջանակներում խուզարկություն է կատարվել 9 հասցեներում: Քննչական կոմիտեում նաև հայտնել են, որ գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան, իսկ Խաչատրյանը տուժող չի ճանաչվել:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ գործի շրջանակներում հարցաքննվել են ՙԳորիսի Գամմա՚ ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը և Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը: ԱրմԻնֆո-ի տվյալներով, շուտով հարցաքննվելու է նաև Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին տեղի էր ունեցել հերթական միջադեպը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի մասնակցությամբ: Գորիսի բնակիչ Հարություն Զաքարյանի և
Տիգրան խաչատրյանի միջև վիճաբանությունը վերաճել էր ծեծկռոցի, որին մասնակցել էին նաև այլ անձինք: Արդյունքում` Զաքարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ: Մայիսի 4-ին Սյունիքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել «անհայտ անձանց կողմից խուլիգանությանե փաստի առնչությամբ: Միջադեպի արդյունքում Զաքարյանը կորցրել է տեսողությունը, իսկ Տիգրան Խաչատրյանը միջադեպից անմիջապես հետո հեռացել էր հանրապետությունից: Սակայն օպերատիվ միջոցառումներից հետո պարզվել էր, որ նա թաքնվում է Օդեսայում: Ձեռնարկված միջոցառումների հետևանքով Խաչատրյանը վերադարձել է Հայաստան և ցուցմունք տվել քննությանը: Իսկ նախորդ օրը երեկոյան գնդակոծվել է Սյունիիք մարզպետ Սուրեն Խաչատրյանի ամտոմեքենան: Չնայած այն հանգամանքին, որ մեքենայի ուղղությամբ մոտ 10 փամփուշտ է արձակվել, իսկ առջևի և կողային ապակիները կոտրված են, մարզպետն ու վարորդը չեն տուժել:
Հիշեցնենք, որ սա առաջին աղմկալի քրեական միջադեպը չէ, որում արծարծվում են Սյունիքի մարզպետի և նրա որդու անունները: Ավելի վաղ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն քննությունը նրանց անմեղ ճանաչեց, և գործը կարճվեց: Խաչատրյանի և նրա հարազատների անունները շրջանառվում են շատ այլ հանցավոր սկանդալներում, որոնք առնչվում են բռնաբարություններին, մարդկանց առևանգումներին և ծեծին: