Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կարող է նոր խթան ստանալ, հիմնախնդիրը չի լուծվի, գրում են ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի վերլուծաբանները:
«Մոտ երեք շաբաթ է անցել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից, որը կասեցրեց վերջին 20 տարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ամենալայնածավալ սրումը: Լայնածավալ մարտական գործողությունները կասեցվել են, սակայն բախման քաղաքական հետևանքները շարունակվում են», - նշում են վերլուծաբանները: Նրանք նաև նշում են, որ ոչ մեծ ծավալի բախումները շարունակվում են Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի դիվանագիտական ակտիվության ֆոնին:
Ըստ Stratfor-ի, բախումները նոր խթան հաղորդեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված դիվանագիտական ջանքերին: Իսկ ներգրավված կողմերի փոխադարձ այցերը մատնացույց են անում տարածաշրջանի աշխարհաքաղաքականն բարդությունը: «Արտաքին խաղացողներն ազդեցություն ունեն տարածաշրջանի երկրների ոչ միայն իշխանությունների, այլև քաղաքացիների վրա», - նշում են Stratfor վերլուծաբանները` հիշատակելով բազմամարդ բողոքի ակցիաներն ընդդեմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի:
«Բաքուն շոշափեց ստատուս-քվոն, ժամանակավորապես սրելով իրավիճակը և խուսափելով ավելի խոշոր պատերազմից: Նման ռազմավարությունը ծառայում է Ադրբեջանի շահերին, քանի որ խոշոր խաղացողների ուշադրությունը կենտրոնացնելով ղարաբաղյան հակամարտության վրա, ավելի հեշտ է հասնել դրա կարգավորման», - նշել են հեղինակները, ընդգծելով, որ արտաքին խաղացողների ուշադրությունն, իրոք, սևեռված է ղարաբաղյան հարցին, օինակ բերելով «Լավրովի նախաձեռնությունների» վերաբերյալ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումները:
«Անհասկանալի է, թե արդյոք Մոսկվան ցանկանում է փոխել ստատուս-քվոն: Սակայն Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել կառավարելի հակամարտությամբ, որը սառեցված չէ, սակայն, միևնույն ժամանակ, չի մոլեգնում, այդպիսով մշտապես խուսավարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև` իր ազդեցությունը տարածելով երկու երկրների վրա», - նշում են հրապարակման հեղինակները:
Վերլուծաբաննեըր նաև կանխատեսում են, որ ղարաբաղյան գործընթացի առնչությամբ դիվանագիտական ակտիվության մակարդակը կմնա սովորականից բարձր, քանի որ տարածաշրջանային խաղացողները շարունակում են ճնշում գործադրել Երևանի և Բաքվի նկատմամբ, որպեսզի վերջինները նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Սակայն ամենամոտ ապագայում և միջնաժամկետ հեռանկարում ավելի լայնածավալ բախումները կամ հակամարտության մասնակի կարգավորումը քիչ հավանական են: Չափազանց շատ են բարդացնող գործոնները և գործընթացի արգելակմամբ շահագրգռված կողմերը: Հենց այդ պատճառով լարվածության աճի հնարավորությունը կպահպանվի, ինչն իր հետևանքները կունենա վիճահարույց տարածքների սահմաններից դուրս», - եզրափակել են վերլուծաբաբնները: