Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցի վերաբերյալ բանաձևը։
Վեհաժողովը Թուրքիային կոչ է արել չեղարկել ՔՕ 299 հոդվածը (հանրպետության նախագահի հասցեին վիրավորանք), չեղարկել կամ փոխել 301-րդ հոդվածը (թուրք ժողովրդի, պետության, պետական կառույցներին ու հաստատությունների վերաբերյալ վիրավորական արտահայտություն): Կառույցը նաեւ մտահոգություն է հայտնել մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու որոշման առնչությամբ:
Ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն իր ելույթում սուր քննադատության է ենթարկել Թուրքիայում մամուլի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի անկախությանն առնչվող իրավիճակը: «Ես երազում եմ այնպիսի աշխարհի մասին, որտեղ Կիպրոսի խնդիրը լուծված կլինի, որտեղ Հայաստանն ու Թուրքիան հաշտված կլինեն՝ հաշվի առնելով պատմական իրականությունը, որտեղ քրդական հարցը կբարձրանա քաղաքական մակարդակի, որտեղ կլինի օրենքի գերակայություն։ Սա երազ է, սակայն երկիրը, որը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ նրա ստեղծումից ի վեր, պետք է օրինակ լինի մեր մայրցամաքի համար», - նշել է նա ։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ ժամանակակից Թուրքիան վեր է ածվում օսմանյան ժամանակների Թուրքիայի: Նա, մասնավորապես, նշել է, որ ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու ցանկացած փորձ, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում եւ ճնշվում է Թուրքիայում: Նա հիշատակել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում` 2007թ.-ին: «Դինքը բարձրացնում էր հայերի Ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական եւ թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր. պայքարում էր մարդկային արժանապատվության եւ ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահն իր ելույթում մտահոգություն է հայտնել եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը: «Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխենք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:
Հայաստան
պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն, իր հերթին, նշել է, որ իրավիճակը
վատթարանում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլև այլ երկրների հետ նրա
հարաբերություններում, ինչը նա հիմնավորել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությամբ,
որն ուղղված է երկրի ավտոիտարիզացմանը: Ռուստամյանը նշել է, որ օրեցօր վատթարանում
է մարդու իրավունքներին և քրդական հարցին առնչվող իրավիճակը: «Ավելի վաղ
հայտարարված «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունն աստիճանաբար վերածվել է
«ոչ մի հարևան առանց խնդիրների» հայեցակարգի: Էրդողանը միակ առաջնորդն է, որը
սատարում է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին` Արցախի նկատմամբ ագրեսիա
կիրառելու հարցերում», - եզրափակել է նա: