2016թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը, ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի զավթման տասներորդ օրը, զինված խմբի անդամները ձեռնարկել են ընդգծված հարձակողական գործողություններ՜ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքին եւ առողջությանը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ:
ՙԻրավիճակի նման կտրուկ փոփոխության հետեւանքով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ: Այս կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ն լիազորված է նախազգուշացնելու զինված խմբի անդամներին, որ սույն թվականի հուլիսի 27-ին ժամը 00. 00-ից սկսած՝
Առաջին. ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից խմբի կամ դրա որեւէ անդամի զինված դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս 2016թ. հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հրահանգներին համաձայն:
Երկրորդ. Հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածքի սահմաններում խմբի որեւէ անդամի կողմից հրազեն կիրառելու, այդ թվում՝ անկանոն կրակոցներ արձակելու դեպքում՝ զինված խմբի կամ դրա անդամների հակաիրավական գործողությունները խափանվելու են հրազենի կիրառմամբ:
Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԱԾ-ն նախազգուշացնում է նաեւ, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու փորձերը նույնպես կանխվելու են հրազենի կիրառմամբ:
Հրազեն կիրառելիս հիմք է ընդունվելու այդ պահին առկա իրավիճակը, հաշվի է առնվելու կատարվող հակաիրավական արարքների բնույթը, ինչպես նաեւ յուրաքանչյուր իրավախախտի անձը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջին անգամ խստորեն պահանջում է զինված խմբից դրսեւորել ողջախոհություն, վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Հակառակ դեպքում հնարավոր ծանր հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է զինված խմբի անդամների վրա՚,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ: